National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.12.2022
Կձեւավորվի Ներքին գործերի նախարարություն. օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
1 / 5

Կառավարությունն առաջարկում է ձեւավորել Ներքին գործերի նախարարություն: ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ դադարեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով առաջին ընթերցման ժամանակ փաթեթը քննարկվել է բավականին դետալային: Արփինե Սարգսյանը նշել է, որ երկրորդ ընթերցման փուլում Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնց մի մասը տեխնիկական բնույթի են:

Օրենսդրական փաթեթը լրացվել է մեկ օրենքի նախագծով եւս, որը վերաբերում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքին: Փոխնախարարի խոսքով փաթեթը լրամշակվել է վերոնշյալ օրենքով այն պարզ տրամաբանությամբ, որ ՆԳՆ-ն մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման ոլորտում քաղաքականության մշակման ֆունկցիա է ունենալու, ուստի եւ տրամաբանական է, որ Ոստիկանության պետին փոխարինի ՆԳ նախարարը:

Միակ բովանդակային փոփոխությունը, ըստ փոխնախարարի, վերաբերում է աշխատանքային միգրացիային, որը հանվել է ՆԳՆ լիազորության տիրույթից: Վերջինս կշարունակի մնալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում:

Հստակեցվել են ոստիկանության կարգապահական կանոնագրքում առկա փոփոխությունները: «Կառավարության մոտեցումն այն է, որ հատկապես ոստիկանության ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթը պետք է իրականացնի հենց ՆԳՆ կազմում գործող Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը՝ օբյեկտիվությունն ապահովելու համար»,- ասել է նա:  Պահպանվել է նաեւ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գաղափարը: Արդարադատության փոխնախարարը նշել է, որ մասամբ ընդունվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկը:

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ՆԳ նախարարության ձեւավորմամբ աշխատատեղերի կրճատումներ չեն լինի՝ նախարարությունների միավորման արդյունքում:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ նոր նախարարության ձեւավորումը ենթադրելու է կառուցվածքային փոփոխություն, եւ կլինեն նաեւ հաստիքների կրճատումներ, սակայն հաստիքների ահռելի թվի կրճատում չի լինի:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am